Հրատարակչական քաղաքականություն

Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչությունն առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է' սկսած գրքի քննարկման, փորձաքննության աշխատանքներից մինչև խմբագրական- սրբագրական աշխատանքներ ու հրատարակում:

Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը' հրատարակչական գործի զարգացում, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների հրատարակում, գրա­կան արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զար­գացում, տարածում ու հանրահռչակում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնա­գավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղ­ծում: ԵՊՀ հրատարակչության հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնա­յուն ու հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտութ­յան զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ԵՊՀ հրատարակչությունն իր կայքէջում տեղադրում է հրատարակած աշխա­տանքները' նպատակ ունենալով բավարարել ուսանողների, գիտնականների, առհա­սարակ հանրության ընթերցողական պահանջը արդի և պահանջված ուսումնական ու գիտական գրականությամբ, միևնույն ժամանակ խրախուսելով մասնագիտական, քննադատական ու հոբելյանական գրականության հրատարակումը:

Գրահրատարակչական քաղաքականությունը առաջադրում է հրատարակվող աշ­խատանքների կառուցվածքին ներկայացվող պահանջներ, հղումներ անելու, հրատա­րակման երաշխավորության կարգեր, հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ:

ԵՊՀ հրատարակչությունը հրատարակում է բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատություններ, որոնք հաստատվում են ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի կողմից:

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակչություն ուղարկված ու նախնական ստուգում անցած բոլոր աշխա­տանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն համապատասխան ամբիոնի ու ֆակուլտետի գիտխորհրդի կողմից: Բոլոր երաշխավորները պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հեւոազոտությունների հեղինակներ: Երաշխավորությունների, ստացված կարծիքների, ինչպես նաև Գրահրատարակչական խորհրդում տեղի ունեցած քննարկումների արդյունքի հիման վրա որոշում է կայացվում նյութը հրատարակելու վերաբերյալ:

Երաշխավորը պարտավոր է հետևել գիտական օբյեկտիվության ու վարվելակարգի սկզբունքներին.

·         տրամադրել գիտական անաչառ եզրակացություն,

·         տալ հետազոտության արդյունքների օբյեկտիվ ու հիմնավորված գնահատական, ինչպես նաև անել անհրաժեշտ առաջարկություններ,

·         չհրապարակել աշխատանքը, քանի որ այն հեղինակի մտավոր սեփականությունն է,

·         տեղեկացնել աշխատանքի՝ այլ աշխատանքի հետ ցանկացած էական կամ մասնակի նմանության մասին,

·         նշել հրատարակված համապատասխան աշխատությունները, որոնք պատշաճորեն մեջբերված կամ վկայակոչված չեն աշխատանքում:

Հրատարակչությունը տեղեկացնում է հեղինակին որոշման մասին' անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Վերանայման ժամկետը 1-2 ամիս է' կախված ներկայացված նյութի որակից:

ü  Խմբագրական բոլոր փոփոխություններն համաձայնեցվում են հեղինակների հետ:

ü  Փաստաթղթերը արխիվացվում և պահվում են ԵՊՀ հրատարակչությունում (2 տարի):

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ա. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենագրությունը գիտահետազոտական աշխատանքի հիմնական տվյալների, արդյունքների ամբողջական, մանրակրկիտ ու համակարգված շարադրմամբ հրատա­րակություն է՝ բուհի, գիտահետազոտական կառույցի, գիտական ստորաբաժանման կամ ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ' առնվազն 7,5 տպագիր մամուլ ծավալով:

Մենագրությունը կազմում է գիտական ոլորտի կենսական մասը' միաժամանակ հանդես գալով որպես գիտական հետազոտության ու հրապարակման առանցքային մի­ջոց: Իրականում գիտական ամսագրին զուգահեռ մենագրությունը նոր հետազո­տությունների տարածման հիմնական միջոցն է, որը կարող է տասնամյակների ընթաց­քում սահմանել ուսումնասիրության ոլորտները[1]:

Գիտական/գիտամեթոդական հոդվածը կոնկրետ խնդրի վերաբերյալ հակիրճ, սակայն բավարար չափով տրամաբանական հաջորդականությամբ շարադրված, գիտա­կան նորույթ պարունակող, հստակ եզրակացությամբ, խնդրի հետազոտական հիմնա­կան արդյունքներն արտացոլող, գիտական մեթոդաբանության կիրառմամբ ու գրակա­նության հղումներով գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում: Գիտաժողովների զեկուցումներն ու թեզիսները գիտա­կան հոդված չեն: Միջազգային գիտական հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար գիտական հոդվածներն ու այլ հրատարակումները պետք է լինեն ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱԿԻՐՃ ու ՀԱՍԿԱՆԱԼԻ:

Գրքի առանձին գլուխ կամ ժողովածուի առանձին բաժինը գիտական հոդվածի հիմնական չափանիշներն ունեցող գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական երաշխավորություն ունեցող գրքում կամ ժողովածուում:

Գրախոսական հոդվածը գիտական աշխատանքի կամ հետազոտության վերա­բերյալ մասնագիտական գնահատում ու օբյեկտիվ վերլուծություն պարունակող գիտական շարադրանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում:

 

Բ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դասագիրքը ուսումնական-տեսական հրատւսրւսկություն է, ուսումնական ծրագրում ընդգրկված որևէ առարկայի/գիտակարգի բոլոր թեմաների համակողմանի, համակարգված, համեմատաբար պարզ ու ընկալելի շարադրմամբ գիտահետազոտական/գիտամեթոդական աշխատանք, որի նպատակը հիմնարար, առանցքային գիտելիքի փոխանցումն է:

Բուհական դասագիրքն անպայմանորեն պետք է ունենա բուհի ու գիտական ստո­րաբաժանման գիտական խորհուրդների երաշխավորություն (ծավալը' առնվազն 7,5 տպագիր մամուլ): Աշխատանքի' որպես դասագրքի հաստատման երաշխավորությունը կարող է տալ բուհի գիտական խորհուրդը:

Դասագիրքը պետք է.

·         ունենա գիտամեթոդական բարձր մակարդակ և համապատասխանի գիտա­կան մտքի զարգացման հիմնական ուղղություններին ու ձեռքբերումներին,

·         պետք է ապահովի մատչելիություն, կապ դասախոսության ու գործնական գիտելիքների միջև, խթանի ինքնուրույն աշխատանքը,

·         պետք է ունենա թեմաների հստակ նույնականացում, անհրաժեշտ հղումներ, գրականության ցանկ,

·         առանց դժվարությունների պետք է տեղավորվի դասավանդման գիտամանկավարժական հայեցակարգում:

Դասագրքի ծավալը պետք է համարժեք լինի առարկայի դերին ու տեղին ուսումնական ծրագրում և համապատասխանի տվյալ դասընթացն ուսումնասիրելու համար հատկացված ժամաքանակին: Լեզվի ուսուցման գործնական դասընթացների համար նախատեսված դասագրքերը պետք է հիմնված լինեն լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումների վրա, ունենան ուսուցման/դասավանդման համար հստակ, առաջատար մեթոդաբանություն, ապահովեն նյութի մատուցման պարզից բարդ սկզբունքը, զարգացնեն լեզվական գործունեության բոլոր հմտությունները և ձևավորեն համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):

Դասագրքի գործառույթներն են.

1.       տեղեկատվական - ուսումնական նյութի փաստացի ներկայացում տեքստերի, գծագրերի, գծապատկերների, լուսանկարների և այլնի տեսքով,

2.      դիդակտիկ - սովորողի կրթական ու ճանաչողական գործունեության կառավարում,

3.      ինքնակրթական - ինքնակրթության հմտությունների ձևավորում,

4.     մոտիվացիոն - առարկայի նկատմամբ ուսանողների մեջ հետաքրքրության ձևավորում,

5.      վերահսկողական - ուսուցողական վարժությունների ու առաջադրանքների մշա­կում, ներառարկայական ու միջառարկայական գիտելիքների կիրառում, դասագրքի հա­մապատասխանությունը ուսանողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպմանը:

Ուսումնական ձեռնարկը ուսումնական-տեսական հրատարակություն է, որը մա­սամբ փոխարինում կամ լրացնում է դասագրքին' ներառելով որևէ մասնագիտության/ կրթական ծրագրի կամ դրա առանձին բաղադրիչ(ներ), նեղ մասնագիտական գիտական-կիրառական բնույթի շարադրանք: Ձեռնարկը կարող է ներառել ոչ միայն համընդ­հանուր ճանաչում ունեցող գիտելիքի, այլև խնդրահարույց մոտեցումների, տարբեր

տեսակետների ու դրույթների շարադրանք, դիդակտիկ ու գործնական նյութեր ու առաջադրանքներ (ծավալը' առնվազն 5 տպագիր մամուլ):

(7-րդ կետի բ ենթակետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 02.05.2024 թ. թիվ 19/4 որոշմամբ):

 

Գ. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսումնամեթոդական աշխատանքների թվում են ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ, լաբորատոր ձեռնարկները, դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցները:

Ուսումնամեթոդական ձեռնարկը որևէ գիտության կամ գիտաճյուղի, ուսումնա­կան առարկայի ուսումնասիրման, դասավանդման համար գրված մեթոդական և տեսա­կան դրույթներ, ուղենիշներ պարունակող աշխատությունն է' տպագրված գիտական երաշխավորությամբ:

Ուսումնաօժանդակ ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատա­րակություն է և ներառում է տվյալ մասնագիտությունը, առարկան, ծրագիրը կամ դասըն­թացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնա­գիտական հարցերի վերաբերյալ տեսագործնական բացատրություններ, ցուցումներ, հիմնավորումներ ու առաջադրանքներ:

Լաբորատոր ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակութ­յուն է ու կոչված է օժանդակելու, օգնելու, ուղղորդելու ուսանողին ինքնուրույն կատարելու հետազոտական, լաբորատոր, գործնական աշխատանքներ և բովանդակում է առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների, փորձերի նկարագրություն և տեսական համառոտ բացատրություն:

Դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղե­ցույցներում մանրամասնորեն նշված են դասընթացի/մոդուլի նպատակները, կրթական վերջնարդյունքները, դասավանդման ու գնահատման մեթոդներն ու մոտեցումները, պարապմունքների ձևերն ու դրանց բաշխումը' ըստ ժամերի, յուրաքանչյուր պարապմունքի բովանդակությունը, դասավանդման ու սովորողի ինքնուրույն աշխա­տանքի բովանդակությունը' երաշխավորված ԵՊՀ, կամ գիտակրթական ստորաբաժանման գիտական խորհրդի կողմից

Ավելի մանրամասն ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականության մասին տես այստեղ։