Հրատարակչական քաղաքականություն
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչությունն առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է' սկսած գրքի քննարկման, փորձաքննության աշխատանքներից մինչև խմբագրական- սրբագրական աշխատանքներ ու հրատարակում:
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը' հրատարակչական գործի զարգացում, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների հրատարակում, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում ու հանրահռչակում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծում: ԵՊՀ հրատարակչության հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն ու հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ԵՊՀ հրատարակչությունն իր կայքէջում տեղադրում է հրատարակած աշխատանքները' նպատակ ունենալով բավարարել ուսանողների, գիտնականների, առհասարակ հանրության ընթերցողական պահանջը արդի և պահանջված ուսումնական ու գիտական գրականությամբ, միևնույն ժամանակ խրախուսելով մասնագիտական, քննադատական ու հոբելյանական գրականության հրատարակումը:
Գրահրատարակչական քաղաքականությունը առաջադրում է հրատարակվող աշխատանքների կառուցվածքին ներկայացվող պահանջներ, հղումներ անելու, հրատարակման երաշխավորության կարգեր, հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ:
ԵՊՀ հրատարակչությունը հրատարակում է բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատություններ, որոնք հաստատվում են ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի կողմից:
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Հրատարակչություն ուղարկված ու նախնական ստուգում անցած բոլոր աշխատանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն համապատասխան ամբիոնի ու ֆակուլտետի գիտխորհրդի կողմից: Բոլոր երաշխավորները պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հեւոազոտությունների հեղինակներ: Երաշխավորությունների, ստացված կարծիքների, ինչպես նաև Գրահրատարակչական խորհրդում տեղի ունեցած քննարկումների արդյունքի հիման վրա որոշում է կայացվում նյութը հրատարակելու վերաբերյալ:
Երաշխավորը պարտավոր է հետևել գիտական օբյեկտիվության ու վարվելակարգի սկզբունքներին.
· տրամադրել գիտական անաչառ եզրակացություն,
· տալ հետազոտության արդյունքների օբյեկտիվ ու հիմնավորված գնահատական, ինչպես նաև անել անհրաժեշտ առաջարկություններ,
· չհրապարակել աշխատանքը, քանի որ այն հեղինակի մտավոր սեփականությունն է,
· տեղեկացնել աշխատանքի՝ այլ աշխատանքի հետ ցանկացած էական կամ մասնակի նմանության մասին,
· նշել հրատարակված համապատասխան աշխատությունները, որոնք պատշաճորեն մեջբերված կամ վկայակոչված չեն աշխատանքում:
Հրատարակչությունը տեղեկացնում է հեղինակին որոշման մասին' անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Վերանայման ժամկետը 1-2 ամիս է' կախված ներկայացված նյութի որակից:
ü Խմբագրական բոլոր փոփոխություններն համաձայնեցվում են հեղինակների հետ:
ü Փաստաթղթերը արխիվացվում և պահվում են ԵՊՀ հրատարակչությունում (2 տարի):
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ա. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենագրությունը գիտահետազոտական աշխատանքի հիմնական տվյալների, արդյունքների ամբողջական, մանրակրկիտ ու համակարգված շարադրմամբ հրատարակություն է՝ բուհի, գիտահետազոտական կառույցի, գիտական ստորաբաժանման կամ ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ' առնվազն 7,5 տպագիր մամուլ ծավալով:
Մենագրությունը կազմում է գիտական ոլորտի կենսական մասը' միաժամանակ հանդես գալով որպես գիտական հետազոտության ու հրապարակման առանցքային միջոց: Իրականում գիտական ամսագրին զուգահեռ մենագրությունը նոր հետազոտությունների տարածման հիմնական միջոցն է, որը կարող է տասնամյակների ընթացքում սահմանել ուսումնասիրության ոլորտները[1]:
Գիտական/գիտամեթոդական հոդվածը կոնկրետ խնդրի վերաբերյալ հակիրճ, սակայն բավարար չափով տրամաբանական հաջորդականությամբ շարադրված, գիտական նորույթ պարունակող, հստակ եզրակացությամբ, խնդրի հետազոտական հիմնական արդյունքներն արտացոլող, գիտական մեթոդաբանության կիրառմամբ ու գրականության հղումներով գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում: Գիտաժողովների զեկուցումներն ու թեզիսները գիտական հոդված չեն: Միջազգային գիտական հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար գիտական հոդվածներն ու այլ հրատարակումները պետք է լինեն ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱԿԻՐՃ ու ՀԱՍԿԱՆԱԼԻ:
Գրքի առանձին գլուխ կամ ժողովածուի առանձին բաժինը գիտական հոդվածի հիմնական չափանիշներն ունեցող գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական երաշխավորություն ունեցող գրքում կամ ժողովածուում:
Գրախոսական հոդվածը գիտական աշխատանքի կամ հետազոտության վերաբերյալ մասնագիտական գնահատում ու օբյեկտիվ վերլուծություն պարունակող գիտական շարադրանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում:
Բ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դասագիրքը ուսումնական-տեսական հրատւսրւսկություն է, ուսումնական ծրագրում ընդգրկված որևէ առարկայի/գիտակարգի բոլոր թեմաների համակողմանի, համակարգված, համեմատաբար պարզ ու ընկալելի շարադրմամբ գիտահետազոտական/գիտամեթոդական աշխատանք, որի նպատակը հիմնարար, առանցքային գիտելիքի փոխանցումն է:
Բուհական դասագիրքն անպայմանորեն պետք է ունենա բուհի ու գիտական ստորաբաժանման գիտական խորհուրդների երաշխավորություն (ծավալը' առնվազն 7,5 տպագիր մամուլ): Աշխատանքի' որպես դասագրքի հաստատման երաշխավորությունը կարող է տալ բուհի գիտական խորհուրդը:
Դասագիրքը պետք է.
· ունենա գիտամեթոդական բարձր մակարդակ և համապատասխանի գիտական մտքի զարգացման հիմնական ուղղություններին ու ձեռքբերումներին,
· պետք է ապահովի մատչելիություն, կապ դասախոսության ու գործնական գիտելիքների միջև, խթանի ինքնուրույն աշխատանքը,
· պետք է ունենա թեմաների հստակ նույնականացում, անհրաժեշտ հղումներ, գրականության ցանկ,
· առանց դժվարությունների պետք է տեղավորվի դասավանդման գիտամանկավարժական հայեցակարգում:
Դասագրքի ծավալը պետք է համարժեք լինի առարկայի դերին ու տեղին ուսումնական ծրագրում և համապատասխանի տվյալ դասընթացն ուսումնասիրելու համար հատկացված ժամաքանակին: Լեզվի ուսուցման գործնական դասընթացների համար նախատեսված դասագրքերը պետք է հիմնված լինեն լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումների վրա, ունենան ուսուցման/դասավանդման համար հստակ, առաջատար մեթոդաբանություն, ապահովեն նյութի մատուցման պարզից բարդ սկզբունքը, զարգացնեն լեզվական գործունեության բոլոր հմտությունները և ձևավորեն համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):
Դասագրքի գործառույթներն են.
1. տեղեկատվական - ուսումնական նյութի փաստացի ներկայացում տեքստերի, գծագրերի, գծապատկերների, լուսանկարների և այլնի տեսքով,
2. դիդակտիկ - սովորողի կրթական ու ճանաչողական գործունեության կառավարում,
3. ինքնակրթական - ինքնակրթության հմտությունների ձևավորում,
4. մոտիվացիոն - առարկայի նկատմամբ ուսանողների մեջ հետաքրքրության ձևավորում,
5. վերահսկողական - ուսուցողական վարժությունների ու առաջադրանքների մշակում, ներառարկայական ու միջառարկայական գիտելիքների կիրառում, դասագրքի համապատասխանությունը ուսանողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպմանը:
Ուսումնական ձեռնարկը ուսումնական-տեսական հրատարակություն է, որը մասամբ փոխարինում կամ լրացնում է դասագրքին' ներառելով որևէ մասնագիտության/ կրթական ծրագրի կամ դրա առանձին բաղադրիչ(ներ), նեղ մասնագիտական գիտական-կիրառական բնույթի շարադրանք: Ձեռնարկը կարող է ներառել ոչ միայն համընդհանուր ճանաչում ունեցող գիտելիքի, այլև խնդրահարույց մոտեցումների, տարբեր
տեսակետների ու դրույթների շարադրանք, դիդակտիկ ու գործնական նյութեր ու առաջադրանքներ (ծավալը' առնվազն 5 տպագիր մամուլ):
(7-րդ կետի բ ենթակետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 02.05.2024 թ. թիվ 19/4 որոշմամբ):
Գ. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ /ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուսումնամեթոդական աշխատանքների թվում են ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ, լաբորատոր ձեռնարկները, դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցները:
Ուսումնամեթոդական ձեռնարկը որևէ գիտության կամ գիտաճյուղի, ուսումնական առարկայի ուսումնասիրման, դասավանդման համար գրված մեթոդական և տեսական դրույթներ, ուղենիշներ պարունակող աշխատությունն է' տպագրված գիտական երաշխավորությամբ:
Ուսումնաօժանդակ ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է և ներառում է տվյալ մասնագիտությունը, առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ տեսագործնական բացատրություններ, ցուցումներ, հիմնավորումներ ու առաջադրանքներ:
Լաբորատոր ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է ու կոչված է օժանդակելու, օգնելու, ուղղորդելու ուսանողին ինքնուրույն կատարելու հետազոտական, լաբորատոր, գործնական աշխատանքներ և բովանդակում է առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների, փորձերի նկարագրություն և տեսական համառոտ բացատրություն:
Դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցներում մանրամասնորեն նշված են դասընթացի/մոդուլի նպատակները, կրթական վերջնարդյունքները, դասավանդման ու գնահատման մեթոդներն ու մոտեցումները, պարապմունքների ձևերն ու դրանց բաշխումը' ըստ ժամերի, յուրաքանչյուր պարապմունքի բովանդակությունը, դասավանդման ու սովորողի ինքնուրույն աշխատանքի բովանդակությունը' երաշխավորված ԵՊՀ, կամ գիտակրթական ստորաբաժանման գիտական խորհրդի կողմից
Ավելի մանրամասն ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականության մասին տես այստեղ։